Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին. «Հրապարակ»
- May 20, 2021
- 1 min read

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին և այնտեղից հետևել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Այսօր նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։
Hraparak.am-ը տեղեկացել է, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երևան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։ Կայքի տեղեկացմամբ նաև, որ իշխանությունը փորձում է կանխել դա և երեկվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ռեվերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում և ինքը գոհ է այդ աշխատանքից, հրաժարականը կանխելուն էր ուղղված։
Արա Այվազյանն այժմ ճանապարհին է՝ ժամեր անց կժամանի Հայաստան։
Comments