Արտակարգ դեպք Կոտայքում. «shamshyan.com»
- May 24, 2021
- 2 min read

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ակունք գյուղի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես է պտտահողմը գյուղում ավերածություններ անում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի 4-րդ փողոցի մի քանի տներ ամբողջովին հայտնվել են արհավիրքի էպիկենտրոնում: Ամբողջովին փլուզվել են քարե պարիսպներ, որոնց երկարությունը տարբեր հատվածներում ամենակարճը՝ 50 մետր է, ամենաերկարը՝ 100-150 մետր:
Արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, կոտրվել են բերքատու՝ ծիրանի, խնձորի տանձի գիլասի ծառեր, որոք էլ երբեք չեն կպնի: Արհավիրքից անմասն չեն մնացել նաև սեփական տներ, որոնց տանիքների թիթեղները փոթորիկը պոկել ու շպրտել է որոշ հատվածներոմ՝ 10, որոշ հատվաներում՝ 30 և ավել մետր: Ամբողջովին տապալվել են մեկ տասնյակից ավել էլեկտրասյուներ, ինչի պատճառով էլ գյուղի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:
Գյուղ է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները գյուղացիների հետ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբինյանի գլխավորությամբ և օժանդակությամբ հատուկ տեխնիկա են բերել նշված վայր և բենզասղոցներով մասնատել են տապալված հաստաբուն ծառերը, որպեսզի ժամանակավորապես ճանապարհները բացվեն:
Վնասվել են նաև գյուղի որոշ հատվածներում գազախողովակները, ինչի հետևանքով էլ գազամատակարարումը նույնպես դադարեցվել է:
Տուժել են նաև ջերմոցատերեր, իսկ ջերմոցում աճեցված ողջ բերքը դարձել է ոչ պիտանի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արհավիրք էր: Վայրկյանների ընթացքում էկավ, իր սև գործն արեց: Հիմա ուզում ենք հավատանք, որ կառավարությունը օգնության ձեռք կմեկնի: Բոլորս էլ տուժել ենք և մենք միայնակ ի վիճակի չենք էս արհավիրքի դեմն առնենք: Մարդիկ կան, որ հեսա մի քանի օրից վարկեր են փակելու, իսկ էդ վարկերը փակելու համար պետք է ջերմոցներում եղած բանջարեղենը, ծառերի միրգը վաճառեինք ու էդ գումարներով վարկերը փակեինք:
Բայց հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ: Ուզում ենք հավատանք, որ իրոք կառավարությունը սատար կկանգնի: Առաջիկայում էլ ընտրություններ են ու գալու են մեզ իրենց խոստումներով կերակրեն, իսկ էդ խոստումներով մենք չենք փակի մեր վարկերը: Ռեալ պետք է օգնության ձեռք մեկնեն: Միակ սփոփանքը նա է, որ տուժածներ չկան»:
Коментарі