Ի՞նչ կրթություն և մշակույթ է խոստանում «Հայաստան» դաշինքը
- 24Time.am
- May 29, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը ներկայացրեց կրթության ոլորտին առնչվող այն փոփոխությունները, որ առաջարկում են իրենք։
«Մեզ համար կրթությունն ու գիտությունը լինելու են պետական քաղաքականության առանցքային առաջնահերթությունները, մենք որակյալ կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը։ Համայնքներում դպրոցների միացումն ու փակումը հաճախ հանգեցնում են ներքին միգրացիայի, ինչը մենք չենք կարող թույլ տալ՝ հատկապես սահմանամերձ համայնքներում»,- ասաց նա։
Ըստ նրա, հայ երեխաներն իրավունք ունեն կրթություն ստանալու իրենց ծննդավայրերում, և հանուն երեխաների միջնակարգ կրթության, ծնողները չպետք է լքեն իրենց տներն ու գյուղերը։ «Սահմանամերձ բնակավայրերում ամենահաճախ հանդիպող խնդիրը ուսուցիչների պակասն է։ Այդ պակասը լրացնելու նպատակով գյուղերում կներդրվի այդ համայնքներում աշխատող ապագա ուսուցիչների սոցիալական երաշխիքների համապարփակ համակարգ»,- նշեց նա։
Բացի այդ, Աննա Գրիգորյանը նկատեց, որ մանկավարժի դերի բարձրացում պետք է լինի։ Նրա դիտարկմամբ, օրվա հրամայականն է այսօր վերարժևորել մանկավարժի դերն ու տեղը հայ հասարակությունում։ «Պետությունը պարտավոր է հատուկ հոգածություն դրսևորել ուսուցիչների նկատմամբ, ավելացնի բյուջետային ծախսերը՝ մանկավարժների աշխատավարձերը բարձրացնելու համար»,- նշեց նա։
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն էլ անդրադարձավ այն դրույթներին, որոնք վերաբերում են մշակութային Հայաստան ունենալուն։
«Մեր հասարակության մեջ տիրող արժեքային խորը ճգնաժամը հաղթահարելու և Հայաստանի քաղաքացի ձևավորելու կենսական հենարաններից մեկը մշակույթն է։ Մեր լեզվի և հավատքի հետ մեկտեղ մեր ինքնության հիմնական հենասյունն է մշակույթը՝ այն դեմքը, որով աշխարհը ճանաչել է հային և շարունակելու է ճանաչել մեզ։ Մշակույթը մեր ամենամրցունակ բրենդն է, միջազգային երկխոսության անսպառ ռեսուրսը։ Մենք վերականգնելու ենք Մշակույթի նախարարությունը»,- ասաց նա։
Aa
Commentaires