«Դիմակ չկրելու համար կիրառված տուգանքների մեծ մասը Վարչական դատարանում կորցրել է ուժը»․ փաստաբան
- May 26, 2021
- 2 min read

Այսօր Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:
Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս տարբերակով Կառավարությունը չեղարկում է հերթական «հիմար և ձևական» որոշումը։
«Կառավարության այդ որոշումը ձևական էր, քանի որ նշվում էր, որ քաղաքացիները պետք է պարտադիր դիմակ կրեն, իսկ այդ պարտադրանքն արդարացված չէր։ Յուրաքանչյուր դեպքում, երբ խոսում ենք պարտադրանքի մասին, այն պետք է լինի արդարացված և համոզիչ։ Մեզ չի ներկայացվել որևէ վերլուծություն կամ վիճակագրություն, թե դիմակների կրումը որքանով է կանխում վարակի տարածումը։ Ուստի, այդ որոշումն ուներ ձևական բնույթ, որևէ մեկը չէր հետևում՝ քաղաքացին կրո՞ւմ է այդ դիմակը, թե՞՝ ոչ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Ըստ Հասմիկ Մարտիրոսյանի՝ Կառավարության այդ որոշմանը հարյուր քաղաքացուց մեկն էր հետևում, այն էլ՝ ոչ համավարակի կանխման համար։ «Իրենք էլ քաջ գիտակցում էին, որ բաց տարածքներում դիմակ կրելը հերթական հիմարությունն էր, որովհետև չկար հիմնավորում՝ ինչո՞ւ կրել դրանք։ Համավարակի կանխարգելման միջոցառումների մեջ էր մտնում նաև սենյակի օդափոխությունը, եթե այնտեղ 3-5 մարդ է եղել, հետևաբար, ենթադրվում է, որ մաքուր օդն ավելի բարենպաստ է վիրուսի դեմ պայքարի տեսանկյունից։ Կամ, եթե ասում են՝ դու զբաղվում ես սպորտով, ապա կարող ես դրսում դիմակ չկրել, բայց այդ դեպքում արագ քայլքն էլ կարող է համարվել սպորտ և մարդը կարող է դիմակ չկրել»,- նշեց նա։
Փաստաբանը հիշեցրեց, որ դիմակների պարտադիր կրման որոշումն ընդունելու առաջին օրերին քաղաքացիներին տուգանում էին։ Նա տեղեկացրեց, որ տուգանքները հասել են մի քանի միլիոնի, որի մի մասը Վարչական դատարանում կորցրել է իր ուժը՝ որպես վարչական ակտ։ «Քանի որ վարչարարության մեխանիզմն էլ հստակ չէ, ոստիկանության ախատակիցները բազմաթիվ սխալներ էին թույլ տալիս, վարչական շատ ակտեր ուղղակի «չէին ապրում»։ Իսկ այս պահին վերացվել է մի բան, որը գոյություն չուներ էլ։ Ենթադրենք պարտադիր էր դիմակի կրումը, ո՞վ էր հետևում դրան, ո՞րն էր հսկման մեխանիզմը»,- հարց հնչեցրեց Հասմիկ Մարտիրոսյանը։
Նա վստահություն հայտնեց, որ հասարակության մեծ մասը հասկանում էր, որ դիմակ կրելու պարտադրանքն արդարացված չէր, քանի որ չկար համեմատություն։ Ըստ նրա, քաղաքացուն պետք է ներկայացվեր, որ դրսում դիմակ կրելու դեպքում 100 քաղաքացուց այսինչ թվով մարդիկ են վարակվում, իսկ չկրելու դեպքում՝ այդ թիվը մեծանում է։ «Մենք մոտ երկու տարի է՝ պայքարում ենք համավարակի դեմ, իսկ այն միջոցները, որոնք սահմանված են առողջապահական միջազգային կազմակերպությունների կողմից, ընդհանուր կանոններ են, բայց թե դրանք որքանո՞վ են արդարացված, մենք ցուցանիշներ չունենք»,- ասաց փաստաբանը։
Ըստ Հասմիկ Մարտիրոսյանի, Կառավարության կողմից ընդունված «անհիմն» որոշումներից միայն մեկն է վերացվում, բայց այնպես չէ, որ այդպիսի որոշումներ այլևս չկան։ Փաստաբանը նշեց նաև, որ քաղաքացիները կարող են իրենց տուգանքները Վարչական դատարանում բողոքարկել՝ փաստարկելով, որ Կառավարության կողմից չի արդարացվել պարտադիր դիմակ կրելու հանգամանքը։ «Ես՝ որպես փաստաբան, ունեմ բազում գործեր, որոնք հաջող ավարտ են ունեցել, քանի որ ես ներկայացրել եմ փաստարկ, որ մենք չունենք հստակ վերլուծություն, թե ինչ դրական ազդեցություն է ունեցել դիմակի պարտադիր կրումը»,- եզրափակեց խոսքը Հասմիկ Մարտիրոսյանը։
Commentaires