Եթե բանակցություններն արդյունք չտան, ապա պետք է մարտական օպերացիա մշակվի. Կարեն Հովհաննիսյան
- May 13, 2021
- 2 min read

Առնվազն սպասելի էր այս ժամանակաշրջանում նման իրավիճակը Սյունիքի մարզում։ Դեռևս հունվար-փետրվարին էի նշել, որ այս ժամանակահատվածում հնարավոր է Ադրբեջանը նմանատիպ տեղաշարժեր իրականացնի՝ պատճառաբանելով եղանակը, որ չեն կարողացել «սահմանները» ճշգրտել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով սա Ադրբեջանի հերթական սադրանքն է։ Հակառակորդը հատկապես օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանում շատ բուռն են արձագանքում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խոսակցություններին և փորձում հոգեբանորեն ազդել Հայաստանի Հանրապետության վրա. «Այսկերպ փորձ են անում հասկացնել, որ եթե չցանկանանք կամավոր տրամադրել այդ միջանցքը, ապա նրանք ուժի միջոցով այն ձեռք կբերեն։ Կարծում եմ՝ ՀՀ-ն պաշտոնապես պետք է ոչ միայն դատապարտի կամ ներքին լսարանի համար հայտարարություններ կատարի, այլ կոնկրետ գործողություններ իրականացնի միջազգային արենայում և միջազգային կազմակերպություններին վերջնագիր ներկայացնի, որ եթե նրանք որևէ բան չանեն, ապա մենք ստիպված կլինենք ռազմական բախման գնալ։ Այսինքն ռազմապես պահպանել ՀՀ սահմանները»,-նշեց փորձագետը՝ նկատելով, որ, ըստ էության, հայկական կողմը ոչինչ չի անում և բավարարվում է միայն ինչ-որ հայտարարություններով, որոնք ուղղված են ոչ թե արտաքին, այլ ներքին լսարանին։
Կարեն Հովհաննիսյանի խոսքով իշխանությունները հասարակության գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ ամեն ինչ նորմալ է և ոչինչ չկա։
Դիտարկմանը, որ սլաքները կրկին ուղղում են լրատվամիջոցների դեմ ու փորձում այս անգամ ևս նրանց մեղադրել, փորձագետը նշեց, որ դա սխալ է. «Որքանով տեղյակ եմ նույնիսկ մարզպետը տեղյակ չի եղել այդ մասին և տեղեկացել է լրատվամիջոցներում եղած հրապարակումներից։ Այսինքն ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է, երբ մարզի առաջին դեմքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մարզում։ Լրատվականներին լռեցնելու փոխարեն լավ կլինի լռեցնեն հենց թշնամուն»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Փորձագետն ընդգծեց, որ Իշխանասարը ռազմավարական մեծ նշանակություն ունի և առհասարակ տարածաշրջանի ցանկացած բարձունք կարևոր ռազմավարական նշանակություն ունի և այն ոչ մի դեպքում չի կարելի թողնել թշնամու վերահսկողության ներքո։ Կարեն Հովհաննիսյանը գտնում է, որ եթե բանակցությունների ճանապարհով հնարավոր չէ հակառակորդին հետ ուղարկել, ապա պետք է օպերացիա իրականացնենք, որի միջոցով Հայաստանին վերադարձնենք ՀՀ սուվերեն տարածքը։
Հարցին՝ ինչ հետևանք կունենա, եթե Սև լիճը մնա հակառակորդի վերահսկողության ներքո, փորձագետը նկատեց՝ ոչ թե պետք է հետևանքների մասին մտածել, այլ արդյունքի մասին, իսկ արդյունքն այն պետք է լինի, որ տարածքը վերադարձվի ՀՀ-ին. «Հետևանքները բազմաթիվ են։ Հետևանքներն ամբողջ հետպատերազմյան ընթացքում տեսել ենք։ Այստեղ ոչ թե հետևանքի, այլ արդյունքի մասին պետք է խոսել։ Եթե բանակցություններն արդյունք չեն տվել, ապա դրանք անմիջապես պետք է ընդհատվեն և մարտական օպերացիա մշակվի, որպեսզի ռազմական ճանապարհով այդ տարածքը հետ բերվի»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Comments