top of page

«Կարևորում ենք Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումը»․ Վահե Հակոբյան



«ՀՀ-ում տնտեսական ներուժը հիմնականում կենտրոնացված է Երևանում, ինչի հետևանքով առաջացել է կենսամակարդակի խիստ տարբերություն, ուստի պետք է ուշադրություն դարձնել մարզերի համաչափ զարգացմանը»,- այսօր «Հայաստան դաշինքի» նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։


Նրա խոսքով, Երևանն էլ իր հերթին պետք է գրավիչ լինի զբոսաշրջիկների, և հարմարավետ՝ բնակիչների համար։ «Եվ համաչափ զարգացող երկիր ունենալու համար մենք պետք է ունենանք բարեկարգ ճանապարհներ։ Մենք հետամուտ ենք լինելու տրանսպորտային հասանելիություն ապահովելու համար, և կատարելու ենք անհրաժեշտ աշխատանքները՝ Երևանի ճանապարհները բեռնաթափելու համար։ Մենք մշակելու է ՀՀ միջքաղաքային և Երևանի տրանսպորտային նոր սխեմա»,- ասաց նա։


Վահե Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ ըստ իրենց ներկայացրած ծրագրի, ավարտին կհասցվեն Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երևան-Գյումրի, Աշտարակ-Թալին, Թալին-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքները։


«Բացի այդ, կարևորում ենք Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց հատվածը, որն ունենալու է 12 կիլոմետրանոց թունելային մաս»,- նշեց նա։



Ըստ դաշինքի ծրագրի, այս պահին պետք է կասեցնել համայնքների խոշորացման ծրագրերը, և հասկանալ՝ ինչ բացասական ու դրական կողմեր ունեն համայնքային խոշորացումները։ «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու Գյումրու զարգացմանը, մասնավորապես՝ օդանավակայանի արդիականացմանը։ Այս համատեքստում կարևորում ենք Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումը։ Արդեն վերակառուցվել է Կապանի օդանավակայանը, ունենք օդանավ, որը կարող է կատարել իր առաջին թռիչքը։ Բայց պատերազմից հետո առաջացել են անվտանգային որոշ խնդիրներ, որոնք լուծելուց հետո հնարավոր կլինի իրականացնել Երևան-Գյումրի, Կապան-Երևան և հակառակ ուղղություններով չվերթներ»,-նշեց նա։


Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, ապա Վահե Հակոբյանն ասաց, որ դաշինքը նպատակ ունի Խնձորեսկ համայնքում իրականացնել յուրահատուկ տուրիստական կլաստերի ստեղծման ծրագիր, Լոռիում նախատեսվում է իրագործել զբոսաշրջության զարգացման ծրագիր՝ ներառելով Ախթալան, Ստեփանավանն ու Վանաձորը։

Aa

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page