top of page

«Կոնդի պետական ամառանոցները վերածելու ենք ժամանակակից վերականգնողական կենտրոնի»․Իշխան Սաղաթելյան

  • May 29, 2021
  • 1 min read





«Մենք գիտենք առկա խնդիրներն ու դրանք լուծելու ճանապարհները »,- այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ասաց դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։


Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում արմատական և վճռական գործողությունների անհրաժեշտություն կա, հայոց պետականության և ինքնիշխանության կորուստները կարելի է հաղթահարել միայն միասնական, ազգային, պետական քաղաքականությամբ ու դա կատարելու վճռականությամբ։


«Այս իրավիճակում Հայաստանի և սփյուռքի ֆինանսական, քաղաքական և մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է։ Ուրեմն չկա հայություն առանց Հայաստան։ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ, կասեցնելու ենք սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք ներգաղթն ու հայրենադարձությունը։ Վերանայելու ենք նաև երկքաղաքացիներին՝ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները, վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ սփյուռքի վստահությունը»,- նշեց նա։


Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իշխանության գալու պարագայում իրենք բացառելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների ոչ կանոնադրային օգտագործումը, ձևավորելու են սփյուռքի նյութական կապիտալը Հայաստան և Արցախ ներգրավելու նոր մեխանիզմներ։ «Ստեղծելու ենք սփյուռքահայ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսքի հատուկ նպատակային ծրագրեր։ Ձևավորելու ենք հիմնադրամ, որը կծառայի գիտական առաջնահերթություններին»,- ներկայացրեց նա։


Ըստ դաշինքի ներկայացուցչի, իրենք իրականացնելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման աշխատանքները, ամրապնդելու են ազգային ինստիտուտները, Հայոց առաքելական եկեղեցուն երաշխավորելու են բացառիկ կարգավիճակից բխող հնարավորություններով՝ իրացնելու հայոց հոգևոր կյանքի կառուցման առաքելությունը։


«Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր։ Անհապաղ ձեռնամուխ ենք լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքները մեղմելու աշխատանքներին, գերեվարված բոլոր անձանց վերադարձին, զոհվածների տվյալների հստակեցմանը։ Ներդնելու ենք պատերազմում վիրավորված և սահմանափակ կարողություններ ձեռք բերած անձանց սոցիալականացման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ծրագրեր։ Կոնդի պետական ամառանոցները վերածելու ենք ժամանակակից վերականգնողական կենտրոնի»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։


Նա տեղեկացրեց, որ փախստականներին ապահովելու են բնակարաններով և կյանքի արժանապատիվ պայմաններով, զոհվածների և վիրավորների ընտանիքներին տրամադրելու են անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page