Հայաստանն իրավունք ունի՞ ձերբակալելու իր սահմանը հատած ադրբեջանցիներին
- May 13, 2021
- 3 min read

Հայաստանն իրավունք ունի՞ ձերբակալելու իր սահմանը հատած ադրբեջանցիներին:
2021 թվականի մայիսի 12-ից սկսած հակառակորդը սադրիչ գործողություններ է իրականացնում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում։ Ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ-ն Սյունիքի մարզում Սև լճի տարածքից ադրբեջանցիները անցել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր՝ դեպի Վերիշեն բնակավայր։ Այս պարագայում արդյո՞ք Հայաստանն իրավունք ունի ձերբակալելու իր սահմանը հատած ադրբեջանցիներին: Եթե նման քայլ արվի, ապա իրավական և քաղաքական ի՞նչ ազդեցություն և հետևանք կառաջանա ՀՀ-ի համար՝ արտաքին հարաբերությունների տեսանկյունից։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, հայկական կողմն այսօր պետք է մտածի ոչ թե հետևանքների, այլ՝ արդյունքի մասին։
«ՀՀ-ն իրավունք ունի սահմանն անօրինական հատած անձանց ձերբակալելու։ Իրականում այդ ձերբակալումով մենք կամրապնդեինք այն փաստը, որ Հայաստանն սուվերեն պետություն է, և նրա սահմանը չեն կարող հատել ինչ-որ զինված անձինք։ Ընդ որում, մենք չպետք է մտածենք հետևանքների մասին, դրանց մասին պետք է մտածի Ադրբեջանը։ Այդ զինված անձանց ձերբակալելով՝ մենք կարող էինք միջազգային դատարաններում հիմնավոր փաստարկներ ներկայացնել, որ ՀՀ տարածք մուտք գործած զինված անձինք, որոնք հավասարազոր են ահաբեկիչներին, խաղաղ բնակչության համար վտանգ են ներկայացնում։
Բայց փաստը մնում է փաստ, որ մենք ընտրել ենք բանակցություններ անցկացնելու տարբերակը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը։ Թե ինչու հայկական կողմը այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, Կարեն Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ ինքն էլ այդ հարցի պատասխանը կցանկանար իմանալ։
Ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի, եթե հայկական կողմը բավականաչափ ուժեր ունենար այդ հատվածում, ապա միջազգային բոլոր օրենքներով կարող էր և իրավունք ուներ ադրբեջանցիներին ձերբակալելու։
«Պետությունը, ինչքան էլ ծանր վիճակում գտնվեր, ուներ ժամանակ և ռեսուրսներ սահմանի անվտանգությունը գոնե նվազագույն անհրաժեշտ չափով ապահովելու համար։ Ցավոք, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իր մերձավոր շրջանակի, մտահոգված էր միայն անձնական իշխանության ամրապնդմամբ։
Նոր բնագծերում ամրաշինական աշխատանքների իրականացումը, տեխնիկայի և սպառազինության համալրումը, մարդկային ռեսուրսների վերականգնումը պետք է պետության առաջմահերթ խնդիրը լիներ, ցավոք, առաջնահերթ խնդիրը Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը պահելն էր։ Պետության բոլոր ռեսուրսներն ուղղվել են «Փրկել շարքային Փաշինյանին» օպերացիան իրագործելուն»,- ասաց նա։ Փորձագետն ընդգծեց՝ ցանկացած ինքնիշխան պետություն իրավունք ունի իր տարածքը պաշտպանելու, ընդհուպ մինչև ագրեսորին ոչնչացնելը։ Տվյալ դեպքում Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն վախենում են նման քայլի գնալուց, այսինքն՝ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ տարածքը արտաքին վտանգից, այսինքն՝ իրենց ամենակարևոր պարտականությունը չեն կատարում։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, միջազգային իրավունքի տեսանկյունից ևս հայկական կողմը որևէ խնդիր չէր կարող ունենալ, եթե ձերբակալեր իր սահմանը հատած ադրբեջանցիներին։
«Հայաստանն, իհարկե, ունի իրավունք իր սահմանը հատած ադրբեջանցիներին ձերբակալելու, բայց այդ իրավունքն իրացնելու համար ֆիզիկական հնարավորություն է պետք։ Եթե 3.5 կմ մարդիկ եկել ու հանգիստ հասել են այդտեղ, դա նշանակում է, որ մարդիկ, որոնք պետք է Հայաստանի սահմանների պաշտպանությամբ զբաղվեին, իրենց տեղում չեն եղել։ Այդքան բան։ Միջազգային իրավունքի տեսանկյունից էլ որևէ խնդիր չէր առաջանա։ Նման դեպքեր էլի են եղել։ Այդ մարդիկ կարող էին նաև փոխանակվել Ադրբեջանում գերի պահվող մեր քաղաքացիների հետ»,- մեզ հետ զրույցում նշեց նա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ, սակայն, ՀՀ պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողների ձերբակալումը կարող էր և ներկայացվել որպես գերեվարում՝ կախված նրանից՝ ուղղակի սահմա՞ն էր հատվել, թե՞՝ հարձակում իրականացվել։
«Հնարավոր էր, որովհետև կոնֆլիկտի շրջանակներում է, կապվածություն կա հակամարտության հետ։ Որքան էլ, որ կնքվել է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, սակայն դա փաստացիորեն կյանքի չի կոչվել։ Հենց դրա առնչությամբ են տեղի ունենում միջադեպերը, ուստի կարելի էր խոսել նաև գերու կարգավիճակի մասին։ Այստեղ էլ պետք է հանգամանքներն ուսումնասիրվեն. մեկ անձի հատումը մի դեպք է, խմբայինը՝ այլ։ Եթե ուղեկցվում է կրակոցներով, զինված ընդհարում է լինում, դա այլ որակում ունի։ Այստեղ սահմա՞ն են հատել, թե՞ հարձակում գործել. դրանք տարբեր են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նա վերահաստատեց միտքը, որ սահմանն ապօրինի հատելու դեպքում գործ կունենայինք սովորական սահմանահատման հետ, բայց եթե կա ներխուժում, հարձակում ադրբեջանական զինուժի կողմից, այն կարող էր որակվել որպես գերեվարում։
Comentarios