Ձայներ ապահովվեցին․ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց

Ընդմիջումից հետո խորհրդարանը կրկին քվեարկության դրեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը, որը ձայների 71 կողմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Հիշեցնենք, որ նախագիծն այսօր մեկ անգամ էլ էր քվեարկության դրվել, սակայն չէր ընդունվել՝ բավարար ձայներ չունենալու պատճառով։ Բացի այդ, խորհրդարանը որոշեց նաև օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով։ Նշված որոշմանը կողմ էր քվեարկել 73 և դեմ՝ 3 պատգամավոր։
Նշենք, որ նախագծի նպատակը ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Ներկայում Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից:
Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից որպես հարկային գործակալ եկամտային հարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա` խոչընդոտելով համակարգի զարգացումը: Այժմ ակնկալվում է, որ փաթեթի ընդունումը կվերացնի Trade-in համակարգի զարգացումը խոչընդոտող հարկային կարգավորումները:
Comments