Մենք պետք է աշխատանքով վարակենք ողջ երկիրը․ «Հայաստան» դաշինք
- May 29, 2021
- 2 min read

Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը և այդ ծրագիրը կյանքի կոչող անձանց հանրությանը ներկայացնելու հանդիսավոր արարողությունը։ Դաշինքն իր նախընտրական ծրագիրն անվանել է «365 օր, ապագան սկսվում է հիմա»։
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանի խոսքով, հայ հասարակությանը ներկայացվող ծրագիրը ավարտուն փաստաթուղթ չէ, այն պետք է հանրության հետ հետադարձ կապի միջոցով էլ ավելի ամբողջական ու արդյունավետ դառնա։ Այսինքն՝ դաշինքը նպատակ ունի մասնակցային կառավարման համակարգ ստեղծելու։
«Սա տեսլականների, գաղափարների և կոնկրետ քայլերի համատեղում է։ Մի բան անկեղծ պետք է ընդունել՝ այս պահին մենք չենք տիրապետում իրավիճակի մանրակրկիտ գնահատականներին, օրինակ չգիտենք, թե տնտեսությունն ինչքան վատ վիճակում է, գուցե այն շատ ավելի վատ վիճակում է, քան մենք պատկերացնում ենք»,- ասաց նա։
Ըստ Արմեն Գևորգյանի, դաշինքն առաջարկում է «աշխատող երկրի» կոնցեպցիան․ դա վերաբերում է պետական համակարգին, որը պետք է աշխատի շատ արդյունավետ և լավ վարձատրվի, վերաբերում է անհատին, որը պետք է ունենա իր կյանքը կառուցելու լայն հնարավորություններ, վերաբերում է մասնավոր հատվածին, որ պետք է ունենա զարգանալու բարենպաստ պայմաններ, վերաբերում է նաև ստեղծագործող մարդուն, որը պետք է Հայաստանում ստեղծի ժամանակակից արժեքներ և աշխարհին ներկայանա դրանցով։
«Այս կոնցեպցիայի հիմքում մարդն է։ Եվ մենք պետք է արձանագրենք՝ մեր երկրի ամենամեծ կապիտալը մարդն է, և սա պետք է լինի մեր հեռանկարի հիմնաքարը։ Վերջին երեք տարիներին մարդու՝ որպես ամենաբարձր արժեքի արժեզրկում է տեղի ունեցել»,- նկատեց նա։ Արմեն Գևորգյանը նշեց, որ իրենց նպատակները կարող են իրագործվել երկու կարևոր պայմանների առկայությամբ՝ արդարություն և ավանդական և ժամանակակից մոտեցումների օպտիմալ համադրում։
«ՀՀ-ում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառել անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը։ Բացի այդ, յուրաքանչյուր անհատի և ողջ հասարակության զարգացման հիմնական գրավականը ավանդական և ժամանակակից մոտեցումների օպտիմալ համադրումն է։ Այդ իմաստով մենք կրկին կարող ենք դառնալ մեր տարածաշրջանում տեմպի, բարեփոխումների, կազմակերպվածության և հաջողության սիմվոլը։ Մենք պետք է աշխատանքով վարակենք ողջ երկիրը»,- ասաց նա
Komentar