Նա իր պարտականություններն էր կատարում․ ինչո՞ւ Մարությանը քարոզարշավին չկար և կտա՞ արդյոք հրաժարական
- Jun 28, 2021
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն, իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսելով ընտրություններին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դրսևորած պասիվությանը, նշել էր․ «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և, որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» առաջադրած քաղաքապետ, նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ- ին: Ցավում եմ դրա համար, որովհետև քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն: Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզ մոտ չկա․ դա հստակ կարող եմ ասել»։
MediaHub.am- ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադառնալով հարցին՝ արդյոք քննարկվո՞ւմ է Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը՝ ասաց․
«Քաղաքապետ Հայկ Մարությանը և իր թիմը 2018թ-ի սեպտեմբերի 23- ին կայացած ընտրությունների արդյունքով Երևան քաղաքը կառավարելու մանդատ ստացել է 5 տարով, իսկ թե ինչո՞ւ է պարոն Հարությունյանը նման հայտարարություն արել, պետք է խնդրեմ, որ այդ հարցերն ուղղեք իրեն, ես չեմ կարող պատասխանել»։
Հարցին՝ ինչո՞ւ Հայկ Մարությանը չմասնակցեց քարոզարշավին՝ Կարապետյանը պատասխանեց․
«Երևան քաղաքում բազմապիսի և բազմաբնույթ խնդիրներ կան, և քաղաքապետն իր ուղղակի պաշտոնական պարտականություններն է կատարում»։
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը նման հայտարարություն արեց, Կարապետյանը նշեց, որ այդ հարցին արդեն պատասխանել է։
Ճշտմանը՝ Հայկ Մարությանին փոխարինելու մասին քննարկումներ կա՞ն՝ Կարապետյանն առաջարկեց զանգել կուսակցություն։
Comentarios