«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները Ղազանչեցոցի գմբեթի մանրակերտը տեղադրեցին Կառավարության առջև
- May 8, 2021
- 1 min read
«Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևի այսօրվա ակցիան ավարտվեց Կառավարության շենքի մոտ․ նախաձեռնության մասնակիցները տեղադրեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքի գմբեթի մանրակերտը։ Իսկ մինչև այդ բաց նամակ էին հանձնել Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանատներ և միջազգային կառույցների ներկայացուցչություններ։
Ինչպես նշել են ակցիայի մասնակիցները, այս պայքարը Ղազանչեցոցի գմբեթը նախկին տեսքով տեսնելու համար է, այլ ոչ թե մանդատի՝ հավելելով, որ գալու է այն օրը, երբ Ղազանչեցոցի գմբեթը նորից իր հին տեսքն է ունենալու։
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, անդրադառնալով ակցիայի նպատակներին, նշել է. «Մենք մեր մոտեցումներն ամենօրյա քայլերով թե՛ խոսելու ենք և թե՛ ցույց ենք տալու: Մենք պետք է շատ հստակ ներկայացնենք մեր կերպարը թե՛ քաղաքական և թե՛ բարոյական առումներով: Մենք մեծ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի մարդիկ հարյուր տոկոսանոց պատկերացումներ ունենան մեր ծրագրերի ու մոտեցումների մասին»:
Իսկ ինչ վերաբերում է բաց նամակին, որով միջազգային կառույցներին կոչ է արվում անտարբեր չլինել, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Մենք չենք կարող պահանջել միջազգային հանրությունից մեզ արժանապատիվ վերաբերվել, քանի դեռ ինքերս մեզ արժանապատիվ չենք վերաբերվում։ Մենք ինքներս մեզ կարող ենք արժանապատիվ համարել միայն այն ժամանակ, երբ այդ մարդը, որի ձեռքով նոյեմբերի 9-ին կնքվել է այդ փաստաթուղթը, որևէ աղերս չունենա Հայաստանի իշխանության և քաղաքականության հետ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները («Պատիվ ունեմ» դաշինք) բաց նամակ են հանձնել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատներ, ինչպես նաև Եվրամիության ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների և Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակներ։
Նամակում բարձրաձայնվում են «44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի և պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը եւ այս առնչությամբ միջազգային հանրությունից եւ դավադիր իշխանություններից մեր պահանջները։

Comments