Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
- May 15, 2021
- 1 min read

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է Սյունիքում ծավալվող իրադարձությունների մասին։
Նրա կարծիքով, եթե Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարություններ են տարածում, թե «պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման վատ սցենարներին», կամ «իրավիճակը պայթյունավտանգ է» և այլն, ուրեմն պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ դրանք կանխելու համար։
Նա նշել է, որ Սյունիքի մարզի մի շարք հատվածներ ադրբեջանական դիրքերի անմիջական մատույցներում են, ինչն այդ ուղղությամբ մշտական սպառնալիքներ է ստեղծում։ Գորիս-Որոտան մայրուղու մի հատված առհասարակ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Որոտան-Դավիթ Բեկ գյուղերի մերձակա հատվածներում ադրբեջանական հենակետեր են տեղակայված։ Շատ դեպքերում գլխավոր մայրուղուց 50-100 մետրի վրա։
«Դեռ չեմ խոսում Շուռնուխ գյուղի մասին, երբ այն բառացիորեն բաժանված է երկու հատվածի՝ հայկական և ադրբեջանական»,-հայտնում է Աբրահամյանը։
Նա վստահեցնում է, որ նմանատիպ խնդիրներ կան Կապան քաղաքի հատվածում՝ քաղաքի մուտքի՝ օդանավակայանի հարակից մասում, ինչպես նաև՝ Կապան-Ճակատեն ճանապարհին։
«Իշխանասարի, Կութի կամ Վերին Շորժայում ստեղծված իրադրության կամ դրա կտրուկ սրման պարագայում կարող են լուրջ զարգացումներ լինեն Հայաստանի հետ սահմանագծի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը առավելություններ է ստացել»,-նշում է ռազմական փորձագետը։
Ըստ նրա, այդ հատվածներում նոր՝ լուրջ միջոցառումներ իրականացնելու, սահմանագծի անվտանգությունն ամրապնդելու, հարակից բնակավայրերի և մայրուղով երթևեկող մեր քաղաքացիների պաշտպանության ապահովման նոր սպառնալիքներ կան։
«Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»,- եզրափակել է փորձագետը։
Comments