Սա դիվանագետների լուռ բողոքի ձայնն է ապիկար իշխանությունների գործունեության նկատմամբ․ Խաչիկ Գալստյան
- Jun 7, 2021
- 1 min read

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս փաստը, ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի, վկայում է այն մասին, որ իշխանության բարձրագույն ղեկավարությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, հետևողականորեն տապալել է հայոց պետականության բոլոր կարևոր ինստիտուտների գործառնությունը։
«Փոշիացրել են բանակը, փոշիացրել են պետական բոլոր կառույցների բնականոն գործունեությունը, և արդեն ԱԳ նախարարությունը, որպես պետության արտաքին դիվանագիտության ամենակարևոր կառույց, այսօր առանց ղեկավար կազմի է մնացել։ Սա դիվանագետների լուռ բողոքի ձայնն է դավաճան, ապիկար իշխանությունների գործունեության նկատմամբ»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց նա։
Ըստ նրա՝ այս հանգամանքը ՀՀ արտաքին վարկանիշի վրա ուղիղ բացասական ազդեցություն կարող է ունենալ։
«Միակ բանը, որ ինձ հույս է ներշնչում, այն է, որ հունիսի 21-ին այս «կոշմարը» կավարտվի»,- նշեց նա։
Խաչիկ Գալստյանի խոսքով՝ այս «աբսուրդի թատրոնի» ավարտվելու միակ ճանապարհը հունիսի 20-ին ճիշտ ընտրություն կատարելն է։
Comments