top of page

«Վեոլիա ջուր»-ը դադարեցնում է ջրի շուրջօրյա մատակարարումը․ «Հրապարակ»

  • May 15, 2021
  • 2 min read

«Վեոլիա ջուր»-ը թեեւ պարբերաբար հայտարարում է ջրամատակարարման բարելավման մասին, սակայն իրականում տեղի է ունենում հակառակը։ 


Ապրիլի վերջին Հայաստանի մոնոպոլ ջրամատակարար «Վեոլիա ջուր»-ն աչքալուսանք տվեց ՀՀ քաղաքացիներին՝ հրապարակելով մայիսից մինչեւ սեպտեմբեր ամիսների ջրամատակարարման ժամանակացույցը։ Ըստ դրա, Հայաստանի բնակավայրերում լինելու են արտոնյալ փողոցներ, որոնք 24 ժամ ջուր են ունենալու, եւ երկրորդական՝ «ցածրակարգ» փողոցներ, որոնց ջուրը «Վեոլիա ջուրը» գիշերվա ժամը 12-ից հետո կտրելու է։ 


Ընդ որում, այդպիսիք շատ-շատ են։ Ասենք, 7 փողոց՝ Աջափնյակում, 17 շենք՝ Արաբկիրում, ավելի քան 30 բնակավայրեր ու տարածքներ՝ Էրեբունու շրջանում, 4 փողոց՝ Կենտրոնում, մոտ 2 տասնյակ խումբ հասցեներ՝ Մալաթիա-Սեբաստիայում, համարյա ամբողջ Շենգավիթ վարչական շրջանը, որը նախկինում մեծամասամբ 24 ժամ ջուր ուներ։ 


Նույն վիճակն էլ մարզերում է, մի տարբերությամբ, որ Երեւանում վատագույն դեպքում ժամը 24.00-ից մինչեւ առավոտյան 7.00-ն են ջուրը կտրելու, իսկ գյուղերում օրինականացվել է կիսատ-պռատ գրաֆիկը։ Գյուղեր կան, որոնք օրվա մեջ ընդամենը 5 ժամ ջուր կունենան։


Օրինակ, Շամիրամ գյուղում 8-14.00-ն են ջուր տալիս, Ուշիում՝ 10-18.00-ն։ Ինչո՞ւ է կրճատվել ջրամատակարարումը, արդյո՞ք մարդիկ չեն վճարում իրենց օգտագործած ջրի դիմաց, սա ի՞նչ սանկցիա է, որ կիրառվում է ՀՀ քաղաքացիների դեմ եւ ինչո՞ւ։ Այս հարցերի պատասխաններն ընկերությունից չեն տալիս։ Մեր զանգերին ու նամակներին հանրային կապերի բաժնից չեն պատասխանում։ 


Ընդամենը պաշտոնական հավաստումն ունենք, որ տվյալ ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` «հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները»: Ընկերությունից վստահեցնում են նաեւ, որ նոր ժամանակացույցը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։ «Դրանում արտացոլված է ջրամատակարարման նվազագույն տեւողությունը, քանի որ իրականում բաժանորդների մի մասն ապահովվում է հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ»: 


Փորձեցինք զրուցել գյուղերի բնակիչների հետ։ Շամիրամ գյուղը 08-14.00-ն է ջուր ստանում։ Փոփոխություն կա՞ գրաֆիկում՝ հարցրինք գյուղապետ Մրազ Բրոյանին։ «Իրանց գրածից շատ են տալիս։ Անցյալում ավելի շատ էին տալիս, հիմա մի քիչ քչացրել են»,- ասաց նա։ Արմավիրի Մյասնիկյան գյուղի մի քանի փողոցներում ջուր են տալու 07-13.00-ն, հետո անջատելու են մինչեւ 17.00-ն, ապա միացնելու են ու 24.00-ին էլի անջատեն։ Գյուղապետ Տիգրան Բաղդասարյանին հարցրինք՝ արդյոք շուրջօրյա չէ՞ր իրենց ջրամատակարարումը։ «Այո, շուրջօրյա էր։ Այս պահին ջուրը լավ է, բայց ջրագծերը շատ վատ վիճակում են, շուտ-շուտ վթարներ են լինում, դրա համար էլ անընդհատ անջատում են»։ 

 



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page