«Վստահ ենք, որ Հայաստանի անվտանգային փորձությունը ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն կհաղթահարեն»․ Նիկոլ Փաշինյան
- May 26, 2021
- 1 min read

«Մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում և ՌԴ-ի հետ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Բովանդակային շատ լուրջ քննարկումներ ենք ունենում»,- այսօր Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում հետպատերազմյան անվտանգային համակարգը լուրջ փորձություն է ապրում, բայց այդ փորձությունը պետք է հաջողությամբ հաղթահարել։ «Վստահ ենք, որ այս փորձությունը ՀԱՊԿ-ը ու ՌԴ-ն կհաղթահարեն»,- նշեց նա, ապա հավելեց, որ հստակ է մի բան՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ՀՀ տարածքից պետք է դուրս գան։
Նա հիշեցրեց, որ ՊՆ-ն քանիցս հայտարարել է, որ ՀՀ-ն ամեն ինչ անում է դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, բայց ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում, ՀՀ-ն իր տարածքային ամբողջականությունը պահպանելու մասին պետք է մտածի։ «Էլի ուզում եմ ընդգծել, որ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն են մեզ հորդորել, որ մենք քաղաքական եղանակներով լուծենք այս հարցը»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է ռազմական դրություն մտցնելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա նշեց, որ դա կարող է լինել, եթե իրադրությունը կտրուկ սրվի։
«Մենք հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլ նաև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»,- ասաց նա։
Comments