Վրաստանում թուրքական գործոնի ուժեղացումը՝ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը
- May 17, 2021
- 2 min read

Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Դմանիսիի քաղաքապետ Գեորգի Տատուաշվիլին հայտարարել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցող ոչ էթնիկ հողի վրա:
Վրաստանի Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը սահմանակից է Ադրբեջանին և Հայաստանին, այն բնակեցված է հիմնականում ադրբեջանցիներով: Տվյալ տարածաշրջանն ունի կարևոր նշանակություն Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար: Քվեմո-Քարթլիում կան նաև հայկական գյուղեր ու հայ համայնք, բացի այդ տվյալ շրջանով են անցնում Հայաստանի համար կենսական նշանակության ճանապարհները՝ այդ թվում տարանցիկ: Այդ ճանապարհով Հայաստանը Վրաստանի տարածքով կապում են Ռուսաստանի հետ:
Ադրբեջանի համար Վրաստանում՝մասնավորապես Քվեմո-Քարթլիում կոմպակտ բնակվող ադրբեջանական համայնքն ազդեցության լծակ է վրացական և հայկական կողմերի վրա: Այդ շրջանով են անցնում Ադրբեջանի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող նավթագազամուղերը, տրանսպորտային լոգիստիկան, որն Ադրբեջանը վրացական տարածքով կապում է Թուրքիայի հետ:
Բաքուն զգալի ներդրումներ է իրականացնում Քվեմո-Քարթլիում՝ ուժեղացնելով իր տնտեսական և կրոնական ներկայությունը՝ կառուցվում են նաև մզկիթներ:
Նշենք, որ Ադրբեջանը ցանկանում է այդ շրջանի ադրբեջանցիներին օգտագործել նաև, որպես ազդեցության լծակ ընդդեմ Հայաստանի՝ ադրբեջանցիներով շրջապատելով նաև հայ-վրացական սահմանի հարավային հատվածը:
Վրաստանն ունենալով աբխազական և հարավօսական խնդիրները՝ զգուշանում է իր տարածքում անջատողական նոր շարժումներից՝ ազգային, կրոնական հողի վրա՝ դրա համար շատ դեպքերում անգամ ազգամիջյան բախումները մամուլում ներկայացվում են, որպես խուլիգանական արարքներ:
Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է Հայաստանը թուրքական օղակի մեջ վերցնել նաև հյուսիսից՝ Աջարիա-Ջավախք-Քվեմո-Քարթլի ուղղությունով: Ջավախքում տեղի հայերի շրջանում մեծ է արտագաղթը՝ աշխատանքային միգրացիան դեպի Ռուսաստան: Անկարան և Բաքուն լոբբինգ են անում թուրք-մեսխեթցիների վերադարձը Ջավախք՝ այդ կերպ ցանկանալով փոխել նաև այդ տարածաշրջանի էթնիկ-կրոնական դեմքը:
Հայկական կողմը պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերի Վրաստանի հայ համայնքին՝ ավելացնելով ներդրումները, ուժեղացնելով համայնքային կառույցները, այդ թվում հայապահպանական ծրագրերը: Քվեմո-Քարթլիի հայկական գյուղերում պետք է արվեն ներդրումներ՝ վերականգնվեն այնտեղ առկա հայկական եկեղեցիները կամ կառուցվեն նորերը, ինչը հակակշիռ կստեղծի թուրք-ադրբեջանական գործունեությանը Վրաստանի տարածքում: Դա նաև ձեռնտու է վրացական կողմին, քանի որ ուժեղացնելու է քրիստոնեական տարրը, գործոնը՝ բալանսավորելով թուրքական ահռելի տնտեսական, քաղաքական և ժողովրդագրական ներկայությանը Վրաստանում:
Comments