top of page

Տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի համար շատ ռեալ թիվ է․ Ռոբերտ Քոչարյան

  • May 21, 2021
  • 2 min read


Ռոբերտ Քոչարյանը խոսել է ՀՀ-ում իրականացված ներդրումների մասին, նա մասնավորապես ասել է․


«Ներդրումների վերաբերյալ երկու թիվ հիշեցնեմ. 1998-ին մենք ունեցել ենք 300-310 ընկերություն օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008-ին դրանց թիվն անցել է 4 հազարից: 1997 թվականին օտարերկրյա ներդրումների կուտակային ծավալները կազմել են 125 մլն, 2008-ին դրանք հասել են մոտ 4 մլրդ դոլարի։ Ինչի՞ հաշվին էր դա։ Մենք հասել ենք սրան և՛ օրենսդրություն փոփոխության, և՛ կառավարության վերաբերմունքի շնորհիվ, երբ կառավարությունն սկսում է զարգացնել երկրի ենթակառուցվածքները, դրան միացրած՝ նաև բազմաթիվ այլ գործոններ»:


Երկրորդ նախագահը չի կասկածում, որ նույնը լինելու է հիմա: Տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի համար շատ ռեալ թիվ է։ Առաջին տարին դա դժվար կլինի անել, որովհետև բիզնեսի մեջ ուժային կառույցների ներխուժման այնպիսի պրակտիկա են ձևավորել, որ վստահությունը վերականգնելու համար որոշակի ժամանակ է պետք լինելու: Միգուցե օրենսդրական որոշ փոփոխություններ լինեն, որոնք օտարերկրյա ներդրողների մոտ վստահություն կառաջացնեն, որ երկիրը վերադարձել է հուսալի երկրների շարք: Այսօր գրեթե չունենք ներդրումներ։


Երկրորդ նախագահը անդրադարձավ նաև Ամուլսարի հարցին․

«Մի կողմ դնենք բնապահպանական խնդիրները։ Մի խումբ քաղաքացիներ, միգուցե արդարացիորեն, փակել են ճանապարհը և արգելափակել խոշոր ներդրումային ծրագիրը: Եթե կան բնապահպանական հարցեր, դրանք պետք է լուծեր պետությունը, ոչ թե մի խումբ քաղաքացիներ: Պետությունը պետք է պատրաստ լիներ մտնել դատարան, իրավական ընթացակարգերով շարժվեր առաջ: Բայց երբ պետությունը ոչինչ չի անում, և մի խումբ քաղաքացիներ շատ հանգիստ խաթարում են մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը, և պահում են այդպես երկար ժամանակ, մինչև այսօր, դա նորմալ երևույթ չէ։ Ոչ մի լուրջ բիզնեսմեն այստեղ չի գա»։


Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ այդ հիմքերն ունեն բնապահպանները, բայց այս դեպքում պետությունը պետք է իր խոսքը ասի, այլ ոչ թե մի խումբ մարդիկ։ Ներդրումային քաղաքականության համար ավելի մեծ հարված ուղղակի դժվար է հորինել:


«Կարծես խնդիր են դրել, որ առաջարկ ստանան, թե ինչպես Հայաստանը հանել ներդրումային քարտեզից: Լիդիանի հետ կատարվածը պետք է միշտ որպես օրինակ բերել»,- եզրափակեց երկրորդ նախագահը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page