Քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատել են. «Հրապարակ»
- May 25, 2021
- 2 min read

Քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատել են Տաթև խոշորացված համայնքի համայնքապետի խորհրդական Մարի Թևոսյանին։ «Հրապարակի» հետ զրույցում Թևոսյանն ասաց, որ իրեն աշխատանքից ազատել են անհիմն, առանց պատճառի, քաղաքական հայացքների համար․
«Այսօր են տեղյակ պահել, որ ազատված եմ աշխատանքից, ըստ հրամանի վաղվանից այլևս ազատված եմ, ազատել են, որովհետև «այդպես են ուզում»։ Համայնքապետարանում համայնքի ղեկավարի խորհրդական էի, զբաղվում էի տնտեսական զարգացման ծրագրերով»,- մեզ հետ զրույցում ասաց Թևոսյանը։
Նրան աշխատանքից ազատողն էլ Տաթև համայնքի համայնքապետի նորանշանակ ԺՊ ՔՊ-ական Արթուր Մաթևոսյանը, որը Շինուհայր գյուղից է, և այդ պաշտոնին է նշանակվել մայիսի 12-ից, երբ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքից ազատեց կրկին իմքայալականների չհամակրող համայնքապետի ԺՊ Մուշեղ Հովսեփյանին․
«Երկու և կես տարի է արդեն, ինչ աշխատում եմ համայնքապետարանում, հասցրել եմ իրականացնել մի շարք ծրագրեր, շատերը հիմա ընթացքի մեջ են, ու այսօր ինձ աշխատանքից ազատում է մի մարդ, որը նույնիսկ չգիտի, թե ի՞նչ ասել է սուբվենցիոն ծրագիր։ Այս ամենը քաղաքական պատվեր է, «Ովքեր մեզ հետ չեն, մեր թշնամին են» կարգախոսով են առաջնորդվում այսօրվա իշխանությունները»,- ասաց Թևոսյանը։
Նա նաև ֆեյսբուքյան գրառում է կատարել այս թեմայով․
«Մեղրիում եմ, աշխատանքային այցով, ծրագրի շրջանակներում։ Զանգ եմ ստացել, որ այսօրվանից ազատված եմ աշխատանքից, ազատված եմ մարդկանց քմահաճույքի պատճառով, ազատված եմ մարդկանց դառնացած սրտին որոշակի հանգստություն տալու պատճառով, ազատված եմ սեփական ԵՍ ունենալու պատճառով... Եթե դուք Ձեր էժան քայլերով մտածում եք, որ սա վերջն է, ասեմ, որ, այո, սա Ձեր վերջի սկիզբն էր...Եթե մտածում եք, որ Ձեր պատճառով ես հիասթափվելու եմ իմ հայրենիքից, իմ պետությունից, սխալվում եք. ես ամեն հնարավոր ու անհնարն եմ անելու, որպեսզի էս երկիրը ազատվի ձեր նմաններից, որպեսզի րոպե առաջ ձեր կեղծ օրակարգը իր տեղը զիջի իրականին...Ու նրանք, ովքեր կհամարձակվեն ասել, որ էս երկրում բանա փոխվել վերջին տարիների ընթացքում, թող սկսեն կարդալ սկզբից..․»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Թևոսյանը։
Թերթն ավելի վաղ գրել էր, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «տղա է բերում» բոլոր նրանց վրա, ովքեր մարզում դեմ են Փաշինյանին եւ «քայլածներին»։ Մեզ տեղեկություններ էին փոխանցել, որ մարզպետի հրահանգով 30 հոգով փորձել են ծեծել Տաթեւի վարչական շրջանի ղեկավարին, սակայն վերջիններիս չի հաջողվել կոտրել տաթեւցիների դիմադրությունը։ Տաթեւ համայնքից մեզ փոխանցեցին, որ մարզպետը հայհոյախառն խոսակցություն է ունեցել Տաթեւ գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ, վերջինիս մեղադրել է «յուրային» չլինելու մեջ եւ դժգոհություն է հայտնել, որ անհրաժեշտ համակրանքը չի դրսեւորում Փաշինյանի իշխանության նկատմամբ։
Թերթին պատմել էին, որ լեզվակռվից հետո անգամ ծեծկռտուք է սկսվել․ համայնքի բնակիչները բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել մարզպետի հասցեին՝ նրան մեղադրելով Սյունիքի նկատմամբ դավադիր ծրագրին մասնակից լինելու, Սյունիքում առկա պայթյունավտանգ իրավիճակը խեղաթյուրելու եւ Սյունիքին դավաճանելու մեջ։ Ականատեսները պատմել էին, որ Մելիքսեթ Պողոսյանը կատաղած հեռացել է, քիչ անց ոստիկաններ է ուղարկել գյուղ՝ իրեն հանդիմանողների հետեւից։ Նպատակին չհասնելով՝ ընդամենը ժամեր անց, անօրինական կարգով, Տաթեւ խոշորացված համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանին է ազատել աշխատանքից, և նրա փոխարեն նշանակել յուրային Արթուր Մաթևոսյանին։ Այսօր էլ փաստորեն, աշխատանքից ազատել է Հովսեփյանի խորհրդականին։
Comments